Լեզու :
Ներկայացվել են սնանկության ոլորտի հետազոտության արդյունքները
16 Հլս 2019

Սույն թվականի հուլիսի 16-ին ներկայացվել են սնանկության ոլորտի հետազոտության հիմնական արդյունքներն ու դրա հիման վրա մշակված ճանապարհային քարտեզը: Հետազոտությունը կատարվել է «Աջակցություն Հայաստանում սնանկության համակարգի բարելավմանը» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամ»-ի (Good Governance Fund) կողմից և իրականացվել է «Ի էԼ ԷԼ ԳՈՐԾԸՆԿԵՐՈւԹՅՈւՆ» իրավաբանական գրասենյակի աջակցությամբ:

Քննարկմանը ներկա են եղել «Ի ԷԼ ԷԼ Գործընկերություն» իրավաբանական գրասենյակի գործընկերներ Նորայր Բալայանը և Գևորգ Տումանովը, արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանը, արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, Միացյալ Թագավորության փոխդեսպան Էլիսոն Չիքը, դատավորներ, ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի ներկայացուցիչներ, այլք:

Նախարարի առաջին տեղակալ  Արտակ Ասատրյանը, ողջունելով ներկաներին, ընդգծել է, որ սնանկության ոլորտի բարեփոխումները մշտապես գտնվում են Կառավարության առաջնահերթությունների օրակարգում, միևնույն ժամանակ նշելով, որ այն շարունակական գործընթաց է, և անհրաժեշտ է ժամանակի մարտահրավերներին զուգահեռ թարմացնել ոլորտի կարգավորումները, ինչը կբերի նաև գործարար միջավայրի բարելավմանը:

Միացյալ Թագավորության փոխդեսպան Էլիսոն Չիքը նշել է, որ ՄԹ կառավարությունը մեծ պատրաստակամությամբ է ներգրավվել այս գործընթացում՝ հավատով, որ այն կնպաստի Հայաստանում ներդրումային և գործարար դաշտը առավել գրավիչ դարձնելուն:

Քննարկման ժամանակ «Ի ԷԼ ԷԼ Գործընկերության» հանրային կառավարման պրակտիկայի գծով ղեկավար Տաթև Մատինյանը ներկայացրել է սնանկության ոլորտի հետազոտության հաշվետվությունը։ Մասնավորապես՝ իրականացվել են տվյալների հավաքագրման աշխատանքներ հետևյալ փուլերով՝ հանրային կարծիքի վերհանում, որը կայանում է հարցազրույցներ վերջին երեք տարիների ընթացքում սնանկացած կամ դեռևս սնանկացման գործընթացի մեջ գտնվող իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ, խորքային հարցազրույցների և ֆոկուս խմբային հարցազրույցների իրականացում ոլորտի մասնագետների հետ, ինչպես նաև տվյալ բնագավառում քաղաքականություն մշակող նախարարությունների հետ։ Հետազոտությունը նպատակ ուներ բացահայտել Հայաստանում սնանկության գործընթացի տարբեր փուլերում առաջացող խնդիրները, ինչպես նաև ոլորտի քաղաքականություն մշակողների և առանցքային դերակատարների ակնկալիքներն ու դիրքորոշումները՝ դրանց լուծման հնարավոր տարբերակների վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են կատարված հետազոտության արդյունքները, որին հաջորդել է հարցուպատասխանը մասնակիցների միջև:

 

 

ՀՀ Սնանկության ոլորտի հետազոտության հաշվետվություն

Gohar Gevorgyan