Լեզու :
Ապրանքային նշանի չօգտագործումը չեղյալ ճանաչման հիմք է
17 Հնս 2021

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ․ Խաչատրյանի վարույթում քննվել է ԵԴ/33735/02/19 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Դուստր ձեռնարկություն «Հրուշակեղենի կորպորացիա» Ռոշենի ընդդեմ Անդրանիկ Տոնոյանի, երրորդ անձ` ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի մտավոր սեփականության գործակալության։ Դուստր ձեռնարկություն «Հրուշակեղենի կորպորացիա» Ռոշենը սույն գործով իր իրավունքների պաշտպանությունը վստահել է «Ի ԷԼ ԷԼ գործընկերություն» իրավաբանական գրասենյակի կառավարիչ-բաժնետեր, փաստաբան Գոհար Գևորգյանին։

Հայցվորն ուկրաինական ընկերություն է, որը զբաղվում է հրուշակեղենի արտադրությամբ։ Վերջինս ունի բազմաթիվ ապրանքային նշաններ, որոնցից մեկն է կարամելային կոնֆետների համար օգտագործվող «CoffeeLike» համակցված ապրանքային նշանը, որի մակնշմամբ կոնֆետները ներկրվում և վաճառվում են նաև Հայաստանում:

Դեռևս 17.06.2014 թվականին Ռոշենը Նշանների միջազգային գրանցման մասին Մադրիդյան համաձայնագրի արձանագրության համաձայն ներկայացրել է № 1217540 CoffeeLike (համակցված) ապրանքային նշանի միջազգային գրանցման հայտ՝ Ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգման (ԱԾՄԴ) 30-րդ դասի «քաղցրավենիք, կարամելներ (կոնֆետներ), կոնֆետներ» ապրանքների համար: 08.02.2018 թվականին Ռոշենը ներկայացրել է նույն միջազգային գրանցման պահպանության Հայաստանի վրա տարածքային ընդարձակման հայտ, որը սակայն 24.01.2019 թվականին մերժվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի մտավոր սեփականության գործակալության կողմից այն հիմնավորմամբ, որ Անդրանիկ Տոնյանի կողմից (այսուհետ նաև «Պատասխանող) դեռևս 2014 թվականին գրանցվել է  № 21595 «ԼԱՅՔ LIKE ЛАЙК» ապրանքային նշանը, որը պահպանվում է ԱԾՄԴ 30-րդ դասի «սուրճ, թեյ, կակաո, շաքար, բրինձ, տապիոկա, սագո, սուրճի փոխարինիչներ, ալյուր և հացահատիկային մթերքներ, հաց, հրուշակեղեն և քաղցրավենիք, պաղպաղակ, մեղր, մաթ. խմորիչներ, հացաթխման փոշիներ, աղ, մանանեխ. քացախ, սոուսներ (համեմունք), համեմունք, սառույց» ապրանքների համար, հետևաբար կա ապրանքային նշանների՝ շփոթություն առաջացնելու վտանգ:

Մերժման որոշման ստացումից հետո Ռոշենը ներկայացրել է հակափաստարկներ և Գործակալությունում խնդրարկել կրկնակի փորձաքննություն, որը սակայն ուժի մեջ է թողել մերժումը՝ նույն հիմքով։ Ռոշեն ընկերության ներկայացուցիչը փորձել է նաև բանակցել Պատասխանողի հետ՝ ցանկանալով ստանալ վերջինիս համաձայնությունը՝ Հայցվորի ապրանքային նշանը գրանցելու վերաբերյալ, սակայն բանակցություններն ավարտվել են ապարդյուն։

Այսպիսով, չգալով արտադատական բանակցային համաձայնության,  Ռոշենը որոշել է իր իրավունքների վերականգնմանը հասնել դատական կարգով։                            Կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ Պատասխանողը գրանցման պահից ՀՀ-ում չի օգտագործել թիվ № 21595 ապրանքային նշանը, ինչը «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 17-րդ և 21-րդ հոդվածների համաձայն՝ ապրանքային նշանի գրանցումը չեղյալ ճանաչելու հիմք է: Մասնավորապես,

Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Ապրանքային նշանի գրանցումը կարող է ցանկացած անձի կողմից ներկայացված հայցի կամ իրավունքների պաշտպանության գործով հակընդդեմ հայցի քննարկման արդյունքում կայացված դատարանի վճռի հիման վրա չեղյալ հայտարարվել բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնց համար այն գրանցված է, կամ դրանց մի մասի նկատմամբ, եթե ապրանքային նշանի գրանցման թվականից հաշված՝ հինգ տարի անընդմեջ, կամ հայցը (հակընդդեմ հայցը) ավելի ուշ ներկայացնելու դեպքում դրան անմիջականորեն նախորդող հինգ տարի անընդմեջ ժամանակահատվածում ապրանքային նշանն ընդհանրապես չի օգտագործվել կամ իրական օգտագործման մեջ չի դրվել ապրանքային նշանի իրավատիրոջ կամ սույն օրենքի համաձայն՝ այդ իրավունքն ունեցող անձի կողմից: Ապրանքային նշանի օգտագործման ապացույցները ներկայացնում է դրա իրավատերը կամ սույն օրենքի համաձայն` տվյալ ապրանքային նշանի օգտագործման իրավունք ունեցող անձը»։

Օրենքի 21-րդ հոդվածի համաձայն. «Ապրանքային նշանի գրանցումը կարող է չեղյալ հայտարարվել դատարան ներկայացված համապատասխան հայցի կամ իրավունքների պաշտպանության գործով հակընդդեմ հայցի քննարկման արդյունքում կայացված դատարանի վճռի հիման վրա, եթե՝ 1) ապրանքային նշանի գրանցման թվականից հաշված հինգ տարի անընդմեջ կամ հայցը (հակընդդեմ հայցը) ավելի ուշ ներկայացնելու դեպքում դրան անմիջականորեն նախորդող հինգ տարի անընդմեջ ժամանակահատվածում ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես չի օգտագործվել կամ իրական օգտագործման մեջ չի դրվել ապրանքային նշանի իրավատիրոջ կամ սույն օրենքի համաձայն՝ տվյալ ապրանքային նշանի օգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այն ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը՝ հաշվի առնելով սույն օրենքի 17-րդ հոդվածի դրույթները»։

Այսպիսով, Հայցվորի ներկայացուցիչ Գոհար Գևորգյանը հիմնավորել է, որ սույն գործի քննության առարկան ապրանքային նշանի իրավատիրոջ կողմից ապրանքային նշանի չօգտագործման հիմքով դրա նկատմամբ իրավունքի իրականացումից հրաժարումն է, որը կարող է հանգեցնել դատական կարգով ապրանքային նշանի գրանցման չեղյալ հայտարարման: Դատարանը նույնպես արձանագրել է, որ գործի քննության ընթացքում պատասխանող Անդրանիկ Տոնյանը Դատարան չի ներկայացրել որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույց՝ հայցը ներկայացնելուն անմիջականորեն նախորդող հինգ տարվա ընթացքում անընդմեջ, իր կամ իր կողմից տրված լիցենզիայի (ապրանքային նշանի օգտագործման թույլտվության) հիման վրա այլ անձի կողմից «ԼԱՅՔ ЛАЙК LIKE» ապրանքային նշանն օգտագործելու կամ դրա՝ իրական օգտագործման մեջ դրվելու վերաբերյալ։ Թեև դատական նիստի ժամանակ Պատասխանողը ներկայացրել էր ԱՁ Անդրանիկ Տոնոյանի կողմից 2016թ․-ին դուրս գրված թիվ Բ1553322966 հաշիվ ապրանքագիրը, հայտնելով, որ դրանով հաստատվում է հինգ տարվա ընթացքում պատասխանողի կողմից ապրանքային նշանի անընդմեջ օգտագործումը և նշված հաշիվ ապրանքագրով պատասխանողն իրացրել է սառը թեյի և սառը սուրճի վճառք, այնուամենայնիվ, Հայցվորի ներկայացուցիչը հայտնել է, որ սույն հաշիվ ապրանքագիրը ոչ միայն ներկայացվել է ապացույցների ներկայացման համար սահմանված ժամկետների չպահպանմամբ, այլ նաև վերաբերելի չէ գործին, քանզի ներկայացված հաշիվ ապրանքագրով բոլորովին չի երևում, որ վաճառված ապրանքը եղել է պետական գրանցում ստացած «ԼԱՅՔ ЛАЙК LIKE» նշանի մակնշմամբ, բացի այն, հինգից ավելի տարիների ընթացքում ընդամենը մեկ անգամ 60 բաժակ սառը թեյի և սուրճի 4656 ՀՀ դրամ արժեքով վաճառքը բոլորովին չի խոսում ապրանքային նշանի՝ իրականում, անընդմեջ և պարբերական օգտագործման մասին։

Արդյունքում, Դատարանը հիմնավոր համարելով Հայցվորի ներկայացուցիչ Գոհար Գևորգյանի պնդումները, ամբողջությամբ բավարարել է հայցապահանջը և չեղյալ հայտարարել «ԼԱՅՔ ЛАЙК LIKE» ապրանքային նշանի թիվ 21595 գրանցումը բոլոր ապրանքների համար, որոնց համար այն գրանցված է: Միաժամանակ կայացվել է որոշում Պատասխանող Անդրանիկ Տոնոյանից՝ հօգուտ Դուստր ձեռնարկություն «Հրուշակեղենի կորպորացիա» Ռոշենի, բռնագանձել նախապես վճարված պետական տուրքի և փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը։

Շնորհավորում ենք Գոհար Գևորգյանին՝ հաղթանակի կապակցությամբ և շնորհակալություն հայտնում մեր վստահորդ Դուստր ձեռնարկություն «Հրուշակեղենի կորպորացիա» Ռոշենին՝ իր իրավունքների պաշտպանությունը մեզ վստահելու համար։

Dr. Norayr Balayan