Լեզու :
Բլոգերը հրապարակային ներողություն կխնդրի ու դրամական հատուցում կվճարի սոցիալական ցանցում մեր վստահորդին վիրավորելու և զրպարտելու համար
14 Հլս 2021

Մեր Գրասենյակի փաստաբանները Դատարանում ներկայացրել են քաղաքացի Ն․Ն․-ի շահերը ընդդեմ հայտնի բլոգերի, ով www.facebook.com սոցիալական ցանցում իր էջի միջոցով կատարել է Ն․Ն․-ի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը արատավորող հրապարակում։

Բլոգերը սոցիալական ցանցի իր անձնական էջում բոլոր օգտատերերին հասանելի եղանակով կատարել է մեր Գրասենյակի Վստահորդի վերաբերյալ որոշակի արտահայտություններ և իրականությանը չհամապատասխանող փաստացի տվյալներ պարունակող հրապարակում՝ դրան կից տեղադրելով Վստահորդի անձնական լուսանկարը: Բլոգերի կողմից արված հայտարարություններից ոչ մեկը չի համապատասխանում իրականությանը և արվել է Վստահորդի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը արատավորելու բացահայտ դիտավորությամբ, քանի որ վերջինս աշխատում է դպրոցում և վայելում է աշխատակիցների ու աշակերտների սերն ու հարգանքը։

Մեր Գրասենյակի փաստաբանները դիմել են Դատարան՝ հրապարակային ներողություն խնդրելու և զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակային հերքելու, պատվին, արժանապավությանը և գործարար համբավին պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջներով։

Ունենալով վիրավորանքի և զրպարտության  գործերով դատական ներկայացուցչություն ապահովելու երկար տարիների փորձ՝ փաստաբանները դատարանում ապացուցել են, որ Վստահորդի վերաբերյալ արված հրապարակումների մեջ տեղ գտած արտահայտությունները չեն համապատասխանում իրականությանը, ինչի մասին վկայում է նաև այն հանգամանքը, որ դատավարական հակառակորդ կողմը չի ներկայացրել որևէ փաստական հիմք՝ Վստահորդին վերագրվող փաստացի տվյալների հիմնավորվածության վերաբերյալ:

Բացի այդ, փաստաբանները պնդել են, որ հանրության կողմից Վստահորդին տրվող գնահատականը ունի չափազանց կարևոր նշանակություն վերջինիս համար, քանի որ հանիրավի բացասական գնահատականը նսեմացնում է նրա՝ որպես տարիներ շարունակ դպրոցը ղեկավարած անձի հեղինակությունը: Մեր Գրասենյակի Վստահորդը, կրթության ոլորտում ունենալով ծանրակշիռ հեղինակություն, Հակառակորդ կողմի արտահայտությունների և հայտարարությունների լույսի ներքո հասարակության կողմից կարող է ընկալվել որպես անձ, ով իր դիրքի օգտագործմամբ կատարել է բազմաթիվ հակաիրավական արարքներ: Բլոգերների հրապարակումը կատարվել է Հայաստանում առավել տարածված սոցիալական ցանցի միջոցով, բացի այդ հրապարակումը տեղ է գտել նաև սոցիալական ցանցից դուրս լրատվական կայքերում:

Մեր Գրասենյակի փաստաբանների կատարած թիմային աշխատանքի շնորհիվ Դատարանը՝ հիմնավոր համարելով մասնագետների պնդումները, վճռել է մասնակի բավարարել Գրասենյակի կողմից ներկայացված հայցը։ Դատարանը վճռել է պարտավորեցնել Պատասխանող կողմին հարապարակայնորեն ներողություն խնդրել մեր Գրասենյակի Վստահորդից՝ www.facebook.com սոցիալական ցանցի անձնական էջում «բոլորին հասանելի է» ռեժիմով հրապարակելով և առնվազն 22 օր պահպանելով նրա կողմից մեր Վստահորդին հասցված վիրավորական արտահայտությունների համար ներողություն խնդրելու վերաբերյալ հրապարակումը։ Դատարանը նաև հօգուտ մեր Վստահորդի վճռել է բռնագանձել զրպարտության համար փոխհատուցման գումար, ինչպես նաև դատական այլ ծախսերի և փաստաբանի խելամիտ վարձատրության համար գումարներ։

Շնորհավորում ենք մեր փաստաբաններին կատարված հիանալի աշխատանքի և հաղթանակի կապակցությամբ և շնորհակալություն հայտնում մեր Վստահորդին՝ իր հեղինակությանը, պատվին և արժանապատվությանը վերաբերող նման կարևոր գործով իր իրավունքների պաշտպանությունը մեր Գրասենյակին վստահելու համար։

Dr. Norayr Balayan