Լեզու :
Ժառանգություն նախորդ իշխանություններից՝ միլիոնավոր դոլարների փոխհատուցման պահանջ սփյուռքահայ գործարարի կողմից
04 Հնս 2018

Հայաստանում միլիոնավոր դոլարների կորուստներ կրած ամերիկահայ գործարար, ԱՄՆ քաղաքացի Էդմոնդ Խուդյանի գործը քննվելու է  Ներդրումային վեճերի լուծման միջազգային դատարանում։ Leglinfo.am-ը զրուցել է գործարարի շահերը ներկայացնող «Ի ԷԼ ԷԼ Գործընկերություն» իրավաբանական գրասենյակի գործընկերներից՝ միջազգային իրավունքի մասնագետ, ի․գ․թ․ Գևորգ Տումանովի հետ։  

-Պարո’ն Տումանով, այս օրերին մենք տեղեկացել ենք, որ «Ի ԷԼ ԷԼ Գործընկերություն» իրավաբանական գրասենյակը կներկայացնի Էդմոնդ Խուդյանի և «Արին Կապիտալ» ընկերության շահերը Միջազգային դատարանի առջև: Սա երկրորդ դեպքն է, երբ Հայաստանի դեմ հայց է ներկայացվում այս դատարան: Սակայն, սա միակ ընթացիկ գործն է, երբ միջազգային դատարանում քննության է առնվում Հայաստանի դեմ ներկայացրած հայցը, և պատասխանողը՝ Հայաստանն է: Սփյուռքը և միջազգային ներդրողները պետք է հանգամանորեն հետևած լինեն այս գործին։ Դուք կարո՞ղ եք պարզաբանել այս գործի էությունը, դատարանի իրավասության շրջանակները և տարաձայնությունների գլխավոր առարկան:

-Շնորհակալություն հարցի համար։ Ես կարծում եմ՝ շատ մասնագետներ և հասարակ քաղաքացիներ կհամաձայնեն, որ օտարերկրյա ներդրումները պետք է բխեն ինչպես ներդրողների, այնպես էլ պետությունների շահերից: Հատկապես այսօր, երբ Հայաստանի վերջին իրադարձությունները օտարերկրյա ներդրողների համար հնարավորություն են ստեղծում մտնել հայկական նոր շուկա, ընդլայնել իրենց բիզնես պորտֆոլիոն և գործածել մեր երկրի աշխատանքային պայմանները՝ ի նպաստ բիզնեսի։ Հայաստանի տնտեսության զարգացման համար օտարերկրյա ներդրումները բացառիկ և եզակի հնարավորություն են: Օտարերկրյա ներդրումներն իրենց հետ բերում են աշխատատեղերի ստեղծում, հարստության վերաբաշխում,  տեխնոլոգիայի և մյուս ոլորտներում առաջընթացի ապահովում։ Հետևաբար, զարմանալի չէ, որ զարգացող երկրները, ինչպես և Հայաստանը, շահագրգռված են օտարերկրյա ներդրումների ներգրավմամբ։ Օտարերկրյա ներդրումների դեպքում հարկավոր է հաշվի առնել մի շարք գործոններ, որոնք ներդրողների տեսանկյունից ուսումնասիրության կարիք ունեն, մասնավորապես՝ ներդրումների իրավական պաշտպանությունը: Չափազանց կարևոր է ունենալ արդար և թափանցիկ իրավական գործընթացներ, որոնք պետք է ապահովեն համապատասխան մեխանիզմներ վեճերի լուծման  համար: Խորհրդային Միության փլուզումից և 1991 թվականի սեպտեմբերի 21-ի անկախությունից ի վեր Հայաստանի Հանրապետությունը փորձել է օտարերկրյա ներդրումներ ներգրավել, առավելապես,  հայկական Սփյուռքից: Այդ նպատակով Հայաստանը երկկողմ ներդրումային համաձայնագրեր է կնքել մի շարք երկրների հետ, որոնք հայկական մեծ համայնքներ ունեն։ Այդ պայմանագրերից մեկը՝ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև կնքված ներդրումների փոխադարձաբար խրախուսման և պաշտպանության մասին պայմանագիրն է, որն ուժի մեջ է մտել 1996 թվականի մարտի 29-ին։ Այս պայմանագրի նպատակն է աջակցել ներդրումային ոլորտում ավելի լայն տնտեսական համագործակցությանը՝ ապահովելով կողմերից մեկի քաղաքացիների և ընկերությունների ներդրումները՝ մյուս կողմի տարածքում։ Սույն պայմանագրի համաձայն՝ յուրաքանչյուր կողմի քաղաքացիները և ընկերությունները հնարավորություն ունեն իրենց ներդրումային վեճերը հյուրընկալող կառավարության հետ կարգավորել պարտադիր իրավական ուժ ունեցող միջազգային արբիտրաժային  հաստատությունների միջոցով։ Սույն դեպքում՝ այդ միջազգային հաստատությունը՝ Ներդրումային վեճերի լուծման միջազգային կենտրոնն է (ICSID), որն իր գործունեությունն իրականացնում է Համաշխարհային բանկի գործառույթների շրջանակներում։

- Այսպիսով, Դուք պնդու՞մ եք, որ Էդմոնդ Խուդյանի և «Արին Կապիտալ» ընկերության՝ որպես օտարերկրյա ներդրողի իրավունքները խախտվել են Հայաստանի կողմից: 

-Կարծում ենք, որ Հայաստանը թերացել է օտարերկրյա ներդրումը պաշտպանելու իր պարտավորությունները կատարելիս․ այսպես՝ դիցուք Էդմոնդ Խուդյանի և Արին Կապիտալի կատարած ներդրումը պաշտպանելու պարտավորությունը: Այնուամենայնիվ, այս գործի վերաբերյալ որոշումը կայացնում է արբիտրաժային դատարանը։ Տրիբունալի կայացրած վճիռըլինելու է վերջնական և պարտադիր իրավական ուժ է ունենալու վեճի կողմերի համար։  

-Ըստ Ձեզ,  Հայաստանն ի՞նչ խախտումներ է կատարել ։

-Անկեղծ ասած՝ ես իրավունք չունեմ այս գործի վերաբերյալ շատ տեղեկություններ հրապարակել։

-Լավ, ես տեսնում եմ, որ Դուք իրավունք չունեք գործին վերաբերող առանձնահատուկ հարցերը բացահայտել, բայց կարո՞ղ եք տեղեկացնել մեզ, թե ի՞նչ խախտումներ է կատարել ՀՀ-ը՝ համաձայն Երկկողմանի ներդրումային պայմանագրի:

-Կարծում ենք, որ Հայաստանը խախտել է Երկկողմանի Ներդրումային պայմանագրի մի քանի հոդվածներ։ Առաջին հերթին, բոլոր ժամանակներում ներդրումները պետք է պաշտպանվեն՝ համաձայն արդարացի և հավասար վերաբերմունքի սկզբունքի, լինեն լիարժեք պաշտպանված և անվտանգ, և ոչ մի դեպքում նրանց չպետք է տրամադրվի միջազգային իրավունքով պահանջվող պայմանակարգից պակաս պայմանակարգ։

Երկրորդ՝ Հայաստանը խախտել է Երկկողմանի ներդրումային պայմանագրի այն հոդվածը, որը ենթադրում է, որ պայմանագրի որևէ Կողմ (մեր դեպքում՝ Հայաստանը) կամայական կամ խտրական միջոցներով կամ այլ կերպ չի խոչընդոտի ներդրումների կառավարմանը, գործունեությանը, պահպանմանը, օգտագործմանը, գործածմանը, ձեռք բերմանը, ընդլայնմանը կամ օտարմանը։

Եվ երրորդ՝ Հայաստանը խախտել է ներդրումների, ներդրումային համաձայնագրերի և լիազորությունների առնչությամբ հայցերի հաստատման և իրավունքների կիրարկման արդյունավետ միջոցներ ապահովելու իր պարտավորությունը:

-Դուք կարծում եք, որ կարո՞ղ եք ապացուցել  դա։

-Մենք լիահույս ենք, որ շուտով կկարողանանք  ապացուցել դա: Բոլոր ապացույցները և նյութերը՝ իրենց մանրամասներով, կներկայացվեն տրիբունալին և պատասխանող կողմին՝ մոտ ապագայում դրանք քննարկելու համար։

-Ես ենթադրում եմ, որ Դուք չեք կարող նշել փոխհատուցման գումարի չափը, որը պահանջում եք միջազգային դատարանից: Այնուամենայնիվ, մոտավորապես որքան գումար է ստիպված լինելու վճարել ՀՀ-ն, եթե պարտվի այս գործով:

-Թույլ տվեք չպատասխանել այս հարցին, քանի որ ես իրավունք չունեմ բացահայտել այս տեղեկությունը։ Միակ բանը, որ կարող եմ ասել՝ այն է, որ այս դատարանը չափազանց թանկ է ինչպես հայցվորի, այնպես էլ՝ պատասխանողի համար:

Օրինակ, “Allen & Overy” միջազգային իրավաբանական ընկերության մեր գործընկերների անցկացրած ուսումնասիրության համաձայն՝ մասնակցի միջին արժեքը (այսինքն՝ իրավաբանների, փորձագետների և վկաների վճարներն ու ծախսերը) հայցվորների համար կազմել են մոտ 4․500․000 ԱՄՆ դոլար և 4․500․000 ԱՄՆ դոլար՝ պատասխանողների համար՝ հիմնված 176 վճիռների վերանայման վրա։ Այնուամենայնիվ, գործնականում այդ գումարի չափը կարող է ավել կամ պակաս լինել, քան այդ գումարը: Բացի դրանից, յուրաքանչյուր կողմի կատարած միջին ծախսը՝ 4․500.000 ԱՄՆ դոլար գումարի չափով, իր մեջ չի ներառում տրիբունալի ծախսերը (այսինքն՝ արբիտրների վարձավճարները, ծախսերը և ինստիտուցիոնալ վճարները), որը կազմում է մոտ 800.000 ԱՄՆ դոլար: Հետևաբար, դուք կարող եք ինքներդ համոզվել, թե որքան թանկ է այս դատարանը:

- Կարծում եմ, որ Դուք պետք է շատ վստահ լինեք Ձեր իրավացիության մեջ, եթե որոշել եք գնալ նման ծախսերի, այդպես չէ՞:

-Նման դեպքերում մենք չենք որոշում առաջ գնալ, թե՝ ոչ: Սովորաբար մենք քննարկում ենք մեր թիմի հետ բոլոր ռիսկերն ու հնարավորությունները, և վստահորդն է կայացնում վերջնական որոշումը: Սույն դեպքում՝ մենք հավատում ենք, որ տեղի է ունեցել ՀՀ օրենսդրության, Երկկողմանի ներդրումային պայմանագրի և միջազգային իրավունքի խախտում: Բացի այդ, կարծում ենք, որ հաշվի առնելով Ներդրումային վեճերի լուծման միջազգային կենտրոնի նախադեպային իրավունքը, մենք կարող ենք ապացուցել դա:

-Իսկ կարո՞ղ է այս գործն ազդել Համաշխարհային բանկի քաղաքականության վրա։

-Համաշխարհային բանկի հիմնական առաքելությունը զարգացող երկրներին վարկեր տրամադրելն է: Եվ ինչպես նշեցինք, Ներդրումային վեճերի լուծման միջազգային կենտրոնը գործում է Համաշխարհային բանկի կազմում։

Ե´վ Ներդրումային վեճերի լուծման միջազգային կենտրոնի կայացրած որոշման չկատարումը, և´ ներդրումների իրավական պաշտպանության չապահովումը, տեսականորեն, կարող է բացասական ազդել Հայաստանի Հանրապետության նկատմամբ Համաշխարհային բանկի վարած քաղաքականության վրա՝ ընդհուպ դադարեցնելով նոր վարկերի տրամադրումը:

Համաշխարհային բանկի ներքին գործառնական ընթացակարգերի համաձայն՝ բանկը հետաքրքրություն է ցուցաբերում այն վեճերի նկատմամբ, որոնք վերաբերում են անդամ պետությունների և այլ անդամ պետությունների քաղաքացիների միջև միջազգային ֆինանսական գործարքներին։

- Չնայած այս վեճին, հուսով ենք, որ ամեն ինչ լավ կլինի, և նոր ներդրումներ կլինեն նոր Հայաստանում:

-Գիտեք՝ ներդրումային արբիտրաժը կարևոր է և՛ պետությունների, և՛ օտարերկրյա ներդրողների համար: Միջազգային արբիտրաժային դատարանի առջև հանդես գալը կարող է անհարմար լինել պետությունների համար, քանի որ պետության համար լավագույն շահը դեռևս շարունակում է մնալ ներդրումների պաշտպանությունը։ Կոնվենցիայի ամենաառաջին հայտարարությունը վերաբերում է միջազգային համագործակցության կարևորությանը՝  տնտեսական աճի խթանման գործում։ Միջազգային ներդրումային արբիտրաժային մեխանիզմ ունենալը շահավետ է օտարերկրյա ներդրողների համար, քանի որ ապահովում է ներդրողների իրավական անվտանգությունը՝ ներդրումային որոշումներ կայացնելիս: Ներկա մարտահրավերներին դիմակայելու, այդ թվում՝ տնտեսական աճ ապահովելու համար, Հայաստանի Հանրապետությունում հույժ կարևոր է ներդրողների իրավունքների պաշտպանության իրականացումը՝ խթանելով ներդրումների հոսքը հանրապետություն։ Ինչ վերաբերում է «Ի ԷԼ ԷԼ Գործընկերություն» իրավաբանական գրասենյակի գործունեությանը, ապա կարող եմ երաշխավորել Ձեզ, որ ինչպես անցյալում, այնպես էլ ներկայում՝ հնարավորինս ամեն բան անելու է և ամեն կերպ աջակցելու է մեր երկրում բարենպաստ և ավելի պաշտպանված ներդրումային ոլորտ ունենալուն։ Մենք հուսով ենք, որ առնվազն մեր տարածաշրջանում կարող ենք դառնալ ամենազարգացած և գրավիչ երկիրը:

Տես՝ ամբողջական նյութը։

 

 

 

 

 

 

Գևորգ Տումանով