Լեզու :
Նոր իրավակարգավորումներ` վիճակախաղերի վերաբերյալ
04 Հկտ 2019

Մեր գրասենյակի ներպետական գծով տնօրեն Նորայր Բալայանի պարզաբանումը՝ ԱԺ-ի կողմից ընդունված «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։

2019 թվականի հոկտեմբերի 3-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Սույն նախագծի հիմնավորմամբ ներկայում անմիջականորեն խաղասրահի միջոցով ինտերնետ տոտալիզատորի և ավտոմատացված սարքավորումների միջոցով վիճակախաղի կազմակերպումն իրականացվում է hանրապետության ողջ տարածքում։ Նախագծով սահմանվում է, որ խաղասրահներ կարող են լինել Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի վարչական սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի վարչական սահմաններում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական սահմաններում, Սյունիքի մարզի Մեղրիի համայնքի վարչական սահմաններում։ Համայնքների ընտրությունը կատարվել է՝ հիմք ընդունելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքը։  Ըստ էության օրենսդրի կողմից սահմանափակվում են այն տարածքները, որտեղ կարող են առկա լինել խաղասրահներ։ Խաղասրահը շինության ներսում այն տարածքն է, որտեղ կազմակերպում և անցկացվում են վիճակախաղեր կամ ուղղակի հնարավորություն է ստեղծվում մասնակցել վիճակախաղին։ Փաստորեն, եթե խաղասրահը շինության ներսում գտնվող տարածք չէ, ապա այն չի կարող համարվել խաղասրահ։  Բացի այդ, նախագծով սահմանվում է. «պահի ազդեցության տակ տոտալիզատորին մասնակցելու շարժառիթն այլևս վերանում է»։

Նախագծի համաձայն լիազոր մարմինը սահմանում է նաև խաղասրահ մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձի անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթը ստուգելու կարգը և խաղասրահ մուտք գործելու իրավունք չունեցող անձանց վերաբերյալ տվյալների բազայի վարման կարգը։ Այսինքն՝ լիազոր մարմինը սահմանելու է միայն ֆիզիկական անձանց մուտքը շինության տարածք, այլ ոչ թե ինտերնետային տիրույթը։ Ներկա փուլում տարեցտարի ավելանում է բջջային բաժանորդների թիվը, մասնավորապես, 2018 թվականի երրորդ եռամսյակում  Հանրապետությունում կա 3,719,548 բջջային կապի բաժանորդ։  Ավելին՝ Հայաստանում 2016 թվականի դեկտեմբերի դրությամբ ինտերնետից օգտվում է բնակչության 64%-ը։ Եթե պայմանական ուղենիշ վերցնենք վերոնշյալ բջջային կապի բաժանորդների թիվը, ապա կստացվի, որ ինտերնետից օգտվում է մոտ 2,5 միլիոն բաժանորդ։ Այսինքն՝ եթե օրենսդիրը կարծում է, որ անձը պետք է կատարի որոշակի գործողություններ՝ համացանցի միջոցով բացել խաղային հաշիվ, վճարահաշվարկային համակարգի միջոցով լիցքավորի հաշիվը, որն ավելի ժամանակատար  գործընթաց է և հնարավորություն է տալիս, որպեսզի անձը տոտալիզատորին մասնակցելուց առաջ ավելի երկար մտորի իր որոշման և դրա հետևանքների մասին, ապա թերևս այդպես չէ, քանի որ դեռևս 2016 թվականի ինտերնետից օգտվողների թվաքանակը այլ բանի մասին է վկայում։ Կարող ենք փաստել, որ ապագան է այն միակ գնահատման ուղենիշը, ինչը հնարավորություն կտա չափել տոտալիզատորին մասնակցող անձանց թվաքանակը և եթե այսպես կոչված խաղասրահը կկազմակերպվի ոչ շինության ներսում, օրինակ՝ բացօթյա սրճարանում։

 

Տարոն Սիմոնյան