Լեզու :
Մեր Գրասենյակի հերթական հաղթանակը
22 Հլս 2020

Գործը վերաբերում է զինվորական ծառայությունից արձակվելիս պետությանը (ՀՀ պաշտպանության նախարարությանը) ուսման հետ կապված ծախսերը փոխհատուցելու խնդրին։

2019 թվականի հունվարին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայց է ներկայացրել ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ընդդեմ Գ.Մ.-ի։ Վերջինիս շահերը դատարանում ներկայացրել է «Ի Էլ Էլ Գործընկերություն» իրավաբանական գրասենյակը՝ ի դեմս փաստաբան Յուրի Շիրինյանի։ ՀՀ ՊՆ պահանջել է Գ.Մ.-ից հօգուտ պետական բյուջե բռնագանձել 9,088,022 ՀՀ դրամ գումար։

ՀՀ ՊՆ-ի և Գ.Մ.-ի միջև 2010 թվականից մինչև 2015 թվականը կնքվել են «ՀՀ ՊՆ և օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատություններում սովորելու և հետուսումնական զինվորական ծառայություն անցնելու մասին» և ՀՀ «Օրդինատուրայում (ինտերնատուրայում) ուսումնառության գործուղելու մասին» պայմանագրեր:

ՀՀ պաշտպանության նախարարի 2018 թվականի հրամանով բ/ծ լեյտենանտ Գ.Մ.-ն արձակվել է ՀՀ ԶՈՒ պահեստազոր: ՀՀ Պն-ն, ի թիվս այլ հիմքերի, ներկայացրել է նաև ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 393-Ն որոշմամբ հաստատված «Ռազմաուսումնական հաստատությունների ավարտած զինծառայողների կողմից հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարվելու դեպքում ուսման հետ կապված ծախսերի փոխհատուցման կարգը», որի հիման վրա էլ խնդրել է դատարանից հօգուտ պաշտպանության նախարարության բռնագանձել ուսումնառության ընթացքում զինծառայողին տրված դրամական բավարարումը, սննդի փոխհատուցումը, հանդերձանքի ծախսը, ինչպես նաև մեկ սովորողի հաշվով կատարված ծախսերը, աշխատավարձը, կրթաթոշակը և այլն։ Միաժամանակ, ՊՆ-ն պահանջել է փոխհատուցել կատարված փաստացի ծախսերի կրկնապատիկը։

Հայցապահանջի վերաբերյալ փաստաբանը առարկություն է ներկայացրել նաև այն մասով, որ մեր Վստահորդը պարտավոր չէ փոխհատուցել փաստացի կատարված ծախսերի կրկնապատիկը։

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կայացրած վճռով ՀՀ պաշտպանության նախարարության հայցը բավարարվել է, և որոշվել է Գ.Մ.-ից հօգուտ ՀՀ պաշտպանության նախարարության բռնագանձել 9․088․022 ՀՀ դրամ գումար։ Վճռի դեմ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան վերաքննիչ բողոք է ներկայացրել «Ի Էլ Էլ Գործընկերություն» իրավաբանական գրասենյակի փաստաբանը՝ խնդրելով դատարանի վճիռն ամբողջությամբ կամ մասնակի բեկանել և փոփոխել։ Ի թիվս այլ հիմքերի, բողոքարկվել է նաև փաստացի ծախսերի կրկնապատիկի չափով բռնագանձման մասը, որը, փաստաբանի համոզմամբ, Վստահորդի գործով չպետք է կիրառվեր։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, հիմք ընդունելով փաստաբան Յուրի Շիրինյանի ներկայացրած փաստարկները՝ 2020 թվականի փետրվարին կայացրած որոշմամբ, բավարարել է փաստաբանի ներկայացրած վերաքննիչ բողոքը մասնակի և դատարանի վճիռը փոփոխել է՝ որոշելով, որ Գ.Մ.-ից հօգուտ ՀՀ պաշտպանության նախարարության պետք է բռնագանձվի ոչ թե փաստացի կատարված ծախսերի կրկնակին՝ 9․088․022 ՀՀ դրամը, այլ՝ 4.544.011 ՀՀ դրամ գումար։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ։

Շնորհավորում ենք Յուրի Շիրինյանին նման կարևոր հաղթանակի կապակցությամբ և շնորհակալություն ենք հայտնում մեր վստահորդ Գ.Մ.-ին՝ վստահության համար։

Նորայր Բալայան