Լեզու :
Քաղաքացու մեքենային պատճառված վնասը կփոխհատուցվի․ «Ի Էլ Էլ Գործընկերություն» իրավաբանական գրասենյակի հերթական կարևոր հաղթանակը
04 Օգս 2020

2019 թվականի փետրվարից «Ի Էլ Էլ Գործընկերություն» իրավաբանական գրասենյակի ներպետական գծով տնօրեն, փաստաբան Նորայր Բալայանը ներկայացնում է քաղաքացի Ս․ Ա․-ի շահերը դատարանում։

06.12.2018թ. երեկոյան քաղաքացին վարել է ավտոմեքենան Երևան քաղաքի Դավիթ Անհաղթի փողոցով դեպի Կոմիտասի պողոտան։ Այդ ընթացքում տրոլեյբուսի հոսանքի լարերը ամրացնող մետաղյա լարը պոկվել և ընկել է մեքենայի վրա՝ պատճառելով նյութական վնաս։ Ավտոմեքենան ենթարկվել է գնահատման, և որոշվել է, որ մեքենայի նորոգման աշխատանքների ծախսը կազմում է 1․905․000 ՀՀ դրամ։

Փաստաբան Նորայր Բալայանը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ «Երևանի Էլեկտրատրանսպորտ» ՓԲ և «Երքաղլույս» ՓԲ ընկերությունների, խնդրելով հատկացնել վերոհիշյալ գումարը՝ որպես նրանց կողմից Վստահորդի ավտոմեքենային պատճառված վնասի հատուցում։

Գործի շրջանակներում պարզվել է, վերոհիշյալ փողոցում հպակային ցանցը պահող ձգալարի խզման պատճառը եղել է հպակային ցանցից վեր տեղադրված տոնական լուսազարդի պահող լարի խզումը, ինչի արդյունքում այն ընկել է ձգալարի վրա և տեղի ունեցած կարճ միացման պատճառով կտրել այն։

Նախ, «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ն ընդունել է, որ Վստահորդի մեքենային պատճառվել է վնաս, սակայն հետո նշել է, որ վերջինիս պատճառված վնասների փոխհատուցման հարցում չի կրում որևէ պատասխանատվություն և առաջարկել է վնասի հատուցման համար դիմել «Երքաղլույս» ՓԲԸ-ին, քանի որ Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ՝ 2019 թվականի ամանորյա տոնական միջոցառումների իրականացման նախապատրաստական և տոնական լուսավորության ապահովման աշխատանքները հանձնարարվել են «Երքաղլույս» ՓԲԸ-ին։

Այնուամենայնիվ, առաջին ատյանի դատարանը մերժել է հայցը։ Փաստաբանը վերաքննիչ բողոք է ներկայացրել և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում պնդել է, որ «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի գործողությունների և առաջացած վնասի միջև առկա է պատճառահետևանքային կապ, և մեր Գրասենյակի Վստահորդին պատճառված վնասը ենթակա է հատուցման։ Արդյունքում, Վերաքննիչ դատարանը որոշել է, որ առաջին ատյանի դատարանի եզրահանգումն իրավաչափ չէ, դատարանը կատարել է գործի թերի քննություն և եկել է սխալ փաստի հաստատմանը, ինչն էլ ազդել է գործի ելքի վրա։

Այսպիսով, մեր գրասենյակի ներպետական գծով տնօրեն, փաստաբան Նորայր Բալայանի կատարած աշխատանքի շնորհիվ Վերաքննիչ դատարանը վճռել է մասնակիորեն բավարարել վերաքննիչ բողոքը, բեկանել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 25.03.2020 վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

Շնորհավորում ենք Նորայր Բալայանին նման նշանակալից հաղթանակի առթիվ և հայտնում ենք, որ շարունակելու ենք արդարացնել մեր Վստահորդների ակնկալիքները։

Նորայր Բալայան