Լեզու :
Իրազեկում պահեստազորում հաշվառված քաղաքացիներին վարժական հավաքների կանչելու կարգի և ժամկետների մասին
04 Հկտ 2020

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիներին վարժական հավաքների կանչելու կարգը և ժամկետները։

1. Պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող վարժական հավաքներին կանչվում են պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված պահեստազորայինները:

2. Պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված`

1) շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պահեստազորայինները վարժական հավաքների կարող են կանչվել մինչև չորս անգամ, յուրաքանչյուր դեպքում` մինչև երեք ամիս ժամկետով, բայց ոչ ավելի, քան երեք ամիս մեկ տարվա ընթացքում.

2) ավագ ենթասպայական և սպայական (բացառությամբ բարձրագույն սպայական) կազմերի պահեստազորայինները վարժական հավաքների կարող են կանչվել մինչև երկու անգամ, յուրաքանչյուր դեպքում` մինչև երեք ամիս ժամկետով, բայց ոչ ավելի, քան երեք ամիս մեկ տարվա ընթացքում: Սույն կետում նշված կազմերի` օդաչուական մասնագիտություն ունեցող պահեստազորայինները թռիչքային վարժություններ կատարելու նպատակով լրացուցիչ կարող են կանչվել վարժական հավաքների մինչև երեք անգամ, յուրաքանչյուր դեպքում` մինչև երկու ամիս ժամկետով, բայց ոչ ավելի, քան երկու ամիս մեկ տարվա ընթացքում:

3. Պահեստազորի առաջին խմբի երկրորդ կարգում հաշվառված`

1) շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պահեստազորայինները վարժական հավաքների կարող են կանչվել մինչև վեց անգամ, յուրաքանչյուր դեպքում` մինչև երեք ամիս ժամկետով, բայց ոչ ավելի, քան երեք ամիս մեկ տարվա ընթացքում.

2) ավագ ենթասպայական և սպայական (բացառությամբ բարձրագույն սպայական) կազմերի պահեստազորայինները վարժական հավաքների կարող են կանչվել մինչև երեք անգամ, յուրաքանչյուր դեպքում` մինչև երկու ամիս ժամկետով, բայց ոչ ավելի, քան երկու ամիս մեկ տարվա ընթացքում: Սույն կետում նշված կազմերի` օդաչուական մասնագիտություն ունեցող պահեստազորայինները, թռիչքային վարժություններ կատարելու նպատակով լրացուցիչ կարող են կանչվել վարժական հավաքների մինչև չորս անգամ, յուրաքանչյուր դեպքում` մինչև մեկ ամիս ժամկետով, բայց ոչ ավելի, քան մեկ ամիս մեկ տարվա ընթացքում:

4. Անհրաժեշտության դեպքում, սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն, վարժական հավաքի մեջ ներգրավվելու ժամկետը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է երկարաձգվել մինչև երկու ամիս ժամկետով, ինչպես նաև ավելացվել վարժական հավաքների քանակը` չգերազանցելով վարժական հավաքներում գտնվելու` սույն հոդվածով սահմանված ընդհանուր ժամկետները:

5. Պարտադիր զինվորական ծառայությունից սույն օրենքով սահմանված կարգով արձակված և պահեստազորում հաշվառված պահեստազորայինները կարող են վարժական հավաքի կանչվել զինվորական ծառայությունից արձակվելուց հետո` մեկ տարուց ոչ շուտ:

6. Քաղաքացին վարժական հավաքի կանչվում է իր հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատի կողմից տրված փաստաթղթային կամ էլեկտրոնային ծանուցման համաձայն: Ծանուցման հիման վրա զինվորական կոմիսարիատ ներկայացած քաղաքացին անցնում է բուժհետազոտում, որի արդյունքներով վարժական հավաքի կանչվելու ենթակա ճանաչվելու դեպքում ուղարկվում է վարժական հավաքի անցկացման վայր:

7. Վարժական հավաքի ընթացքում քաղաքացին համարվում է զինծառայող, գրանցվում է վարժական հավաքի անցկացման վայրի զորամասի անձնակազմի ցուցակներում և վերցվում բոլոր տեսակի բավարարումների, նրան հաշվարկվում է նշանակված զինվորական պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափ, ամրակցվում են զենք, զինամթերք և անհատական պաշտպանության միջոցներ, նրա վրա տարածվում են զինծառայողների համար օրենքով սահմանված իրավունքները և պարտականությունները, սոցիալական երաշխիքները, վարժական հավաքի ժամանակահատվածը օրացուցային հաշվարկով ներառվում է քաղաքացու զինվորական ծառայության կամ աշխատանքային ընդհանուր ստաժում:

8. Վարժական հավաքի ավարտման օրը քաղաքացուն տրվում է կարգագիր` յոթնօրյա ժամկետում համապատասխան զինվորական կոմիսարիատում հաշվառման կանգնելու համար:

9. Վարժական հավաքին մասնակցելու ընթացքում քաղաքացու հիմնական աշխատանքի վայրում (անկախ կազմակերպական-իրավական ձևից) պահպանվում է քաղաքացու աշխատատեղը (պաշտոնը): Գործատուի կողմից (անկախ կազմակերպական-իրավական ձևից) սույն մասի պահանջների խախտումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

10. Քաղաքացու կողմից վարժական հավաքից խուսափելը կամ վարժական հավաքի ընթացքում զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

Նորայր Բալայան