ԿԱՐԵՎՈՐ ՀԱՂԹԱՆԱԿ ԳՈՒՄԱՐԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ
«Ի ԷԼ ԷԼ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» իրավաբանական գրասենյակի փաստաբանական թիմի հերթական կարևոր հաղթանակը՝ պայմանագրային իրավունքի ոլորտում
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը ամբողջությամբ բավարարել է գրասենյակի իրավաբան, փաստաբան Վոլոդյա Մազմանյանի կողմից ներկայացված հայցադիմումը և վճռել Պատասխանող կողմից բռնագանձել ավելի քան 12 մլն ՀՀ դրամ գումար՝ ապահովելով մեր վստահորդի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը։
Այսպես, մեր վստահորդը 2023-2025 թվականներին ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա որոշակի ծառայություններ է մատուցել, սակայն դրանց դիմաց վարձատրությունը անհիմն կերպով ստացել է մասնակի, ապա՝ ընդհանրապես չի ստացել։
Ձևավորված պարտքը վճարելու պահանջները անպատասխան թողնվեցին, ինչի արդյունքում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ներկայացվեց հայցադիմում՝ գումարի բռնագանձման պահանջի մասին։ Մասնավորապես՝ Պատասխանող կողմից պահանջվել է վճարել մատուցված ծառայությունների արժեքը, որը մինչ այդ անհիմն կերպով չէր վճարվել Պատասխանողի կողմից, ինչպես նաև տվյալ գումարի նկատմամբ հաշվեգրվող տոկոսները։ Դատարանին ներկայացվեցին մեր վստահորդի կողմից ներկայացվող պահանջը հիմնավորող բոլոր ապացույցները։
Քննելով սույն քաղաքացիական գործը և հիմք ընդունելով ներկայացված հիմնավորումները և ապացույցները՝ Դատարանը վճռեց հայցը բավարարել ամբողջությամբ և Պատասխանողից բռնագանձել հայցված ողջ գումարը՝ ավելի քան 12 մլն ՀՀ դրամ։
Շնորհավորում ենք «Ի Էլ Էլ Գործընկերություն» իրավաբանական գրասենյակին և փաստաբան Վոլոդյա Մազմանյանին՝ դատական պրակտիկայում գրանցած հերթական հաղթանակի առթիվ և շնորհակալություն ենք հայտնում մեր վստահորդին՝ իր իրավունքների և շահերի պաշտպանությունը մեր ընկերությանը վստահելու համար։