Կարևոր հաղթանակ վարչական գործով ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանում
02.07.2025

«Ի ԷԼ ԷԼ գործընկերություն» իրավաբանական ընկերության բաժնետեր Նորայր Բալայանը և ավագ իրավաբան, փաստաբանԳոհար Ավագյանը գրանցել են կարևոր հաղթանակ ՀՀ Վերաքննիչ դատարանում թիվ ՎԴ/8627/05/23 վարչական գործով՝ «ՊԱՊԻՐՈՒՍ ԳԼՈԲԱԼ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ «Պապիրուս Գլոբալ» ՍՊԸ-ի անվամբ 14.09.2023թ.-ին թիվ 05100010/110923/0091197 ապրանքների հայտարարագրով «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով հայտարարագրված ապրանքների նկատմամբ 1950 թվականի նոյեմբերի 22-ին ընդունված Կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերի ներմուծման մասին» համաձայնագրի «Ը» հավելվածի «I» կետով և ՀՀ կառավարությունը 2015 թվականի փետրվարի 5-ի թիվ 112-Ն որոշմամբ սահմանված արտոնություններից բխող իրավահարաբերության առկայությունը ճանաչելու պահանջի մասին։
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից մեր փաստաբանական թիմի ներկայացրած բողոքի մասնակի բավարարումը՝ վերը նշված պահանջի հիմքով, ունի կարևոր նշանակություն վարչական հայցատեսակների ընտրության համատեքստում դատական պրակտիկայի ձևավորման համար։
Այսպես, չնայած այն հանգամանքին, որ ՊԵԿ կողմից կայացված է եղել վարչական ակտ, Հայցվորը, ընտրել է ոչ թե վարչական ակտի վիճարկմամբ իր խախտված իրավունքների պաշտպանությունը, այլ իրավահարաբերության ճանաչումը, ինչը, ըստ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի, հնարավոր է միայն այն դեպքում, երբ հայցվորը չի կարող հայց ներկայացնել այլ հայցատեսակներով։
Առհասարակ ճանաչման հայցատեսակի սույն ենթատեսակը բնորոշվում է վեճի առարկայի տարբերակմամբ՝ ընդգծելով, որ սույն դեպքում վեճի առարկան ոչ թե վարչական ակտն է, կոնկրետ գործողության կամ անգործության, այլ որոշակի հանրային իրավահարաբերությունների առկայությունը կամ այդ իրավահարաբերությունների բացակայությունը։
Այս հայցատեսակը կարող է ներկայացվել միայն կոնկրետ իրավական հարցերի կապակցությամբ, այն չի կարող հետապնդել սոսկ փաստերի հաստատման նպատակ։
Իրավական հարցի կոնկրետությունը դրսևորվում է նրանում, որ այն վերաբերում է հստակ ու պարզորոշ ուրվագծված փաստական վիճակի։ Մասնավորապես, երբ քաղաքացու և վարչական մարմնի համար վիճահարույց են առանձին իրավունքներ և պարտականություններ, որոնք բխում են իրավունքի նորմից։
Ըստ այդմ, եթե դատարանի առջև հայցվորի կողմից բարձրացվող խնդիրը իր էությամբ այնպիսինն է, որ կարող է լուծվել վիճարկման, պարտավորեցման կամ գործողության կատարման հայցերից որևէ մեկի ներկայացման դեպքում, ապա ճանաչման հայցն անթույլատրելի է։
Չնայած այն հանգամանքին, որ զուտ դատավարական իմաստով վիճարկման հայցատեսակ ներկայացնելը սույն գործով հնարավոր էր, այդուհանդերձ, մեր փաստաբանական թիմը հիմնավորել է, որ սույն իրավական հարցադրման շրջանակներում վարչական ակտի վիճարկումը միայն բավարար չէ խնդրի լուծման համար, քանի որ չնայած այն հանգամանքին, որ տարբեր ատյաններում հաստատատվել է սույն արտոնության կիրառման հնարավորությունը նման դեպքերում, այդուհանդերձ սույն հարցադրումը իրավական լուծում չի ստացել, ինչը փաստվում է վիճարկման հայցատեսակի հիման վրա հարուցված նախորդ գործերով շարունակ իրականացվող գործի քննությամբ։
Միևնույն ժամանակ իրավահարաբերության կոնկրետությունը փաստվում է այն հանգամանքով, որ սույն դեպքում առաջացել են կոնկրետ իրավահարաբերություններ Ընկերության և վարչական մարմնի միջև, ինչի առնչությամբ կա անհրաժեշտություն պարզելու հետևյալ իրավական հարցի պատասխանը՝ արդյո՞ք կրթական, գիտական և մշակութային բնույթի ապրանքների ներմուծման համար Համաձայնագրով նախատեսված մաքսային արտոնությունների կիրառումը պայմանավորված է այն հանգամանքով, թե ներկրվող ապրանքը հետագայում օգտագործվել է իր նպատակային նշանակությամբ անﬕջականորեն այն ներմուծողի կողﬕց, թե իրացվել է այլ անձանց, որոնք ներկրվող ապրանքը հետագայում օգտագործել են իր նպատակային նշանակությամբ:
Այլ կերպ ասած՝ սույն իրավական վեճի լուծումը չի պայմանավորվում կոնկրետ վարչական ակտերի շարունակական վիճարկմամբ, այլ՝ կրթական, գիտական և մշակութային բնույթի ապրանքների ներմուծման համար Համաձայնագրով նախատեսված մաքսային արտոնությունների իրավահարաբերության ճանաչման՝ անկախ այն հանգամանքից՝ ներմուծողը նշված ապրանքները անմիջականորեն է օգտագործել այդ նպատակով, թե իրացրել է այլ անձանց։
ՀՀ վարչական դատարանը մերժել է հայցը՝ հայցի մերժման հիմքում սխալ մեկնաբանելով Համաձայնագրով սահմանված արտոնությունների կիրառելիությունը սույն իրավահարաբերությունների նկատմամբ։
Ներկայացված բողոքի հիման վրա՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը կայացրել է բողոքը մասնակի բավարարելու վերաբերյալ որոշում, որով բավարարել է Հայցվորի հիմնական պահանջը՝ ճանաչելով իրավահարաբերությունների առկայությունը սույն գործի շրջանակներում, ինչը կարևոր մեկնաբանություն է այս հիմքով ճանաչման հայց ներկայացնելու պրակտիկայի ձևավորման համատեքստում։