home banner header
News

Աննախադեպ հաղթանակ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով

19.08.2025

Աննախադեպ հաղթանակ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով․ Հակակոռուպցիոն դատարանը բավարարեց մեր միջնորդությունն ու գործի նախապատրաստական փուլում որոշում կայացրեց Դատախազության հայցն ակնհայտ անհիմն լինելու հիմքով կիրառել արագացված դատաքննություն և անցնել եզրափակիչ դատական ակտի կայացման՝ առանց ուսումնասիրելու գործի ապացույցները։

Այսպես, Դատախազությունը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով հայց էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան։ Ուսումնասիրության մասին տեղեկացվելուց հետո՝ մինչև հայցը դատարան ներկայացնելը մենք Դատախազության ուշադրությունն հրավիրել էինք այն հարցին, որ նման հայցապահանջ, այն էլ նման ծավալով չի կարող ներկայացվել մեր վստահորդի դեմ։ Ավելին, ՀՀ սահմանադրական դատարանը «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի սահմանադրականության վերանայման համատեքստում 2025 թվականի ապրիլի 16-ին՝ մինչ դատախազության կողմից մեր վստահորդի դեմ հայցը դատարան ուղարկելը, կայացրած թիվ ՍԴՈ-1776 որոշմամբ օրենքին տրված իր մեկնաբանություններով հաստատեց օրենքի մեկնաբանության հարցում մեր դիրքորոշումը։ Չնայած նշված հանգամանքին, Դատախազության կողմից հայցը ներկայացվեց։

Դատարանում առաջին դատական նիստի ընթացքում հայցի հիմքի ու առարկայի վերաբերյալ պարզաբանումներ ստանալուց հետո «Ի ԷԼ ԷԼ Գործընկերության» փաստաբան, բաժնետեր Գոհար Գևորգյանը դատարանին ներկայացրեց միջնորդություն կիրառել արագացված դատաքննություն և հայցն ամբողջությամբ մերժել՝ այն ակնհայտ անհիմն լինելու հիմքով։ Միջնորդությամբ հիմնավորվում էր, որ մեր վստահորդը երբեք չի զբաղեցրել այնպիսի պաշտոն, որով օրենքի տեսանկյունից կարող էր ճանաչվել որպես պաշտոնատար անձ, հետևաբար այս վարույթի շրջանակներում վերջինիս նկատմամբ չէր կարող ներկայացվել նման պահանջ։ Բացի այդ, միջնորդության մյուս մասով հիմնավորվում էր, որ քրեորեն պատժելի այն արարքը, որը մեղսագրվել է մեր վստահորդին, որևէ առնչություն չունի այն գույքերի ձեռք բերման հետ, որոնց բռնագանձման հայցով Դատախազությունը դիմել է Հակակոռուպցիոն դատարանին։ Մեր կողմից ներկայացված միջնորդությունը բխում էր ոչ միայն օրենքի ուղիղ կարգավորումներից ու միջազգային իրավական պրակտիկայից, այլև օրենքի սահմանադրականության վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1776 որոշմամբ տրված մեկնաբանություններից։

Միջնորդության քննության արդյունքում Հակակոռուպցիոն դատարանը դատավոր Լիլի Դրմեյանի նախագահությամբ կայացրեց արդարացի ու իրավունքի ոգուց բխող որոշում՝ մեր վստահորդին պատկանող մի շարք անշարժ գույքերի մասով հայցն ակնհայտ անհիմն լինելու հիմնավորումներով կիրառելու արագացված դատաքննություն ու նշանակելու եզրափակիչ դատական ակտի հրապարակման օր։

Նշված հաջողությունը ոչ միայն կարևոր ու աննախադեպ է մեր վստահորդի ու մեզ համար, այլև ունի կարևոր նշանակություն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագրավման վարույթներով դատավարական պրակտիկայի ձևավորման և ամրապնդման հարցում։ Շնորհավորում ենք մեր փաստաբանին ու վստահորդին արդարության վերականգնման հարցում և մեր կամքն ենք արտահայտում՝ շարունակելու պայքարել դատավարական ու նյութաիրավական ամբողջ գործիքակազմով մեր վստահորդի իրավունքների ու օրինական շահերի արդյունավետ պաշտպանության և արդարության ամբողջական վերականգնման համար։

Գործի մանրամասներին ու Հակակոռուպցիոն դատարանի որոշումներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝
https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=47850746040818720

Suggested news

Electronic Tools for Public-Private Relations in Armenia

Electronic Tools for Public-Private Relations in Armenia

05.08.2025
Electronic Tools for Public-Private Relations in Armenia
Arbitration Summer School

Arbitration Summer School

02.07.2025
From June 26 to 29, 2025, the American University of Armenia hosted the Arbitration Summer School, bringing together professionals and st...
 Հերթական հաղթանակը Վերաքննիչ դատարանում

Հերթական հաղթանակը Վերաքննիչ դատարանում

02.07.2025
Ինչպես մեր նախորդ հրապարակումից գիտեք՝ դեռևս 2023 թվականին առաջին ատյանի դատարանը մերժել էր Ֆրանսիայի գյուղատնտեսության, սննդի և անտառայի...
;